Այսօր՝ ապրիլի 9-ին, Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Չինաստանի քաղաքացիական հարցերով նախարարի տեղակալ Գու Ճաոսիին, ով գլխավորում է ՀՀ Նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցող Չինաստանի պատվիրակությունը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից է եւ կարեւորել է այն փաստը, որ հայ-չինական համագործակցությունը վերջին տարիներին դինամիկ կերպով զարգանում է՝ ներառելով նոր ոլորտներ: Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի Նախագահի Չինաստան կատարած այցելության  ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում եւ արդյունքներն արդեն տեսանելի են։ 

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կողմից Հայաստանի զարգացմանը շարունակական օժանդակություն ցույց տալու համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՉԺՀ պատվիրակության ղեկավարը շեշտել է, որ Չինաստանը հատուկ կարեւորություն է տալիս Հայաստանի հետ  հարաբերությունների հետագա զարգացմանը եւ խորացմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են մի շարք բնագավառներում երկկողմ փոխգործակցության զարգացման եւ ընդլայնման վերաբերող հարցերի։ Այս առումով հատկապես առանձնացվել են արդյունաբերության, գյուղատնտեսության եւ գիտակրթական բնագավառները: