Հեշտ է զուգահեռներ տեսնել հայոց պատմության եւ հունգար ազգի միջեւ: Այս մասին ապրիլի 5-ին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժոլտ Նեմետը՝ «Արարատից հեռու. հայկական մշակույթը կարպատյան ավազանում» անվանումը կրող ցուցահանդեսի բացման ժամանակ:
Միջոցառմանը մասնակցել են նաեւ Հունգարիայի խորհրդարանի խոսնակ Լասլո Կովերը եւ Երեւանում հայ-հունգարական մշակութային ասոցիացիայի նախագահ Անահիտ Սիմոնյանը:
Ժոլտ Նեմետն ընդգծել է, որ երկու երկրներն էլ զգալիորեն տուժել են պատմության փոթորիկներում, միլիոնավոր հայեր ու հունգարներ ստիպված են եղել փախչել իրենց բնակավայրերից ու վերջապես հիմնավորվել են աշխարհի տարբեր կետերում: Բացի այդ, եւ Հայաստանը, եւ Հունգարիան, ենթարկվել են թաթարների հարձակմանը, գրավվել Օսմանյան կայսրության, իսկ ավելի ուշ՝ Խորհրդային Միության կողմից:
«Ցուցահանդեսը հրաշալի ցուցանիշ է, թե ինչպես են հայերը ինտեգրված հունգարական հասարակությունում եւ ինչպես են իրենց ներդրումն ունեցել այնտեղ: Օրինակ, ավելի քան 70 հայ սպաներ եղել են 1848-49 թվականների հունգարական հեղափոխության մասնակիցներ, իսկ այնպիսի հայտնի հունգարներ, ինչպիսիք են հեղափոխական Գերգեյ Պոնգրացը, նկարիչ Շիմոն Հոլոշին, կոմպոզիտոր Պոնգրաց Կաչոխը եւ լուսանկարիչ Ջորջ Բրաշայը հայկական ծագում են ունեցել:
Ժոլտ Նեմետը հայտարարել է, որ սփյուռքահայերը վառ օրինակ են, որ ազգային ինքնագիտակցությունը կարելի է պահպանել նույնիսկ առանց մայրենի լեզուն պահպանելու: «Այսօր այդ փաստը ոգեւորում է Հունգարիայի կառավարությանը, որը բավական հաջողությամբ փորձում է երկրի սահմաններից դուրս ապրող հունգարներին ներգրավել հայրենիքի իրավական եւ մշակութային կյանքում»,-հավելել է նա:
Հունգարիայի պետքարտուղարը հույս է հայտնել, որ հայ-հունգարական երկկողմ հարաբերությունները կվերականգնվեն եւ կրկին բարեկամական կդառնան, ինչպես միշտ եղել են:
Բուդապեշտի գարնանային փառատոնի հովանու ներքո կազմակերպված այս ցուցահանդեսի թեման հայերի պատմությունն է Կարպատյան ավազանում, ինչպես նաեւ շոշափում է հայ ինքնության կարեւոր տարրեր՝ Արարատ լեռը, քրիստոնեության ընդունումը, հայոց այբուբենի ստեղծումը: Ցուցահանդես կարելի է այցելել Բուդապեշտի պատմության թանգարանում, մինչեւ սեպտեմբերի 15-ը:




























