Բռնաբարության կասկածանքով ձերբակալված Ջեք Կապլանյանի փաստաբանը հայտարարել է, որ իր հաճախորդը ցանկանում է բողոքարկել Քալիֆորնիայի համալսարանի կամպուսում գտնվելու արգելքը։

Լոս Անջելեսի Քալիֆորնիայի համալսարանի ջրագնդակի թիմի՝ հայկական ծագումով մարզիկը ձերբակալվել էր բռնաբարության կասկածանքով, երբ ուսանողուհին հայտարարել էր հավանական հարձակման մասին։

Փաստաբան Բերք Հակոբօղլուն նաեւ հայտարարել է, որ իր 18-ամյա հաճախորդը բացարձակ անմեղ է, հաղորդում է «Glendale News-Press»-ը։

«Կարծում ենք՝ հարցը կլուծվի հետաքննության ավարտից հետո։ Ավելորդ է ասել, որ պարոն Կապլանյանն ու նրա ընտանիքը ցնցված են վերջին իրադարձություններից։ Նրանք խնդրում են հարգել մասնավոր կյանքն ու կցանկանային, որ այս հարցը լուծվի արագ ու արդարացիորեն»,-հայտարարել է փաստաբանը։

Նշենք, որ Կապլանյանն ազատ է արձակվել 200 հազար դոլար գրավի դիմաց։