Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ ապրիլի 10-ին, ընդունել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Անդրեյ Օլեֆիրովին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ փոխնախարար Օլեֆիրովն ընդգծել է, որ Երեւանում է գտնվում պատվաբեր առաքելությամբ՝ Ուկրաինայի նախագահի հանձնարարությամբ մասնակցելու ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը:

Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն է հայտնել վերջին տարիներին երկու երկրների միջեւ համագործակցության տարբեր ոլորտներում արձանագրված առաջընթացի կապակցությամբ եւ նշել, որ կան բոլոր հնարավորությունները փոխգործակցությունն ընդլայնելու եւ խորացնելու համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման, ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման նպատակով ձեռնարկվող քայլերին:

Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։

ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության օրակարգի հարցերի քննարկման ենթատեքստում ԱԳ նախարարի պաշտոնակատարը կարեւորել է հունիսին Ուկրաինայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարայի այցելությունը Հայաստան։