Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է Սլովակիայի փոխվարչապետ-արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրին կառավարությունում՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Ձեր այցը նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, մենք դրանում շահագրգռված ենք: Համոզված ենք, որ առկա է հայ-սլովակյան հարաբերությունների զարգացման մեծ ներուժ, առաջին հերթին տնտեսական ոլորտում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Միրոսլավ Լայչակը բարձր է գնահատել երկկողմ քաղաքական համագործակցությունը եւ նշել, որ այն լավ հիմք կարող է հանդիսանալ  տնտեսական ոլորտում կապերի զարգացման համար: Սլովակիայի ԱԳ նախարարը գոհունակություն է հայտնել այս օրերին Երեւանում անցկացվող հայ-սլովակյան բիզնես ֆորումի արդյունքներից, ինչը, նրա կարծիքով, մեծապես կնպաստի երկկողմ առեւտրաշրջանառության մակարդակի զգալի բարձրացմանը:

Այդ համատեքստում, զրուցակիցները քննարկել են դեղագործության, ոսկեգործության բնագավառներում կապերի սերտացմանը, ինչպես նաեւ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման աշխատանքներին սլովակյան ընկերությունների հնարավոր մասնակցությանն առնչվող հարցեր:

«Մենք հետեւում ենք Ձեր երկրի առաջընթացին, ցանկանում ենք շնորհավորել Ձեզ՝ հատկապես եվրաինտեգրման ճանապարհին զգալի արդյունքների հասնելու համար: Տեսնում ենք, որ Հայաստանը նպատակային եւ հետեւողական կերպով զարգացնում է իր համագործակցությունը ԵՄ-ի հետ՝  առանց որեւէ խնդիրների: Ուրախ եմ, որ Ձեր երկիրն Արեւելյան գործընկերության ծրագրի հաջող մասնակիցներից մեկն է, ինչը կհաստատվի նաեւ տարեվերջին կայանալիք վիլնյուսյան գագաթաժողովում»,- ասել է Սլովակիայի ԱԳ նախարարը:

Վերջինս իր երկրի օժանդակությունն է հայտնել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների հաջող իրականացման եւ եվրոինտեգրման գործընթացում:

Հանդիպման ընթացքում Միրոսլավ Լայչակը Տիգրան Սարգսյանին է փոխանցել Սլովակիայի վարչապետի ջերմ ողջույնները, ինչպես նաեւ Սլովակիա այցելելու հրավերը: