Այսօր՝ ապրիլի 10-ին, Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակին:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով եւ շնորհակալություն հայտնելով  ՀՀ Նախագահի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար ` ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստել է, որ Հայաստան-Սլովակիա կապերը ակտիվ զարգանում են   եւ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով: Հովիկ Աբրահամյանը անհրաժեշտ է համարել միջխորհրդարանական կապերի ակտիվացումը եւ փոխադարձ շփումները: ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել ԵՄ-ի հետ համագործակցության ոլորտում:

Աբրահամյանի  խոսքով` արդեն ավարտվել են Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները եւ ակնկալվում է եզրափակել գործընթացը մինչեւ Վիլնյուսի գագաթաժողովը: Հաջողությամբ են ընթանում նաեւ  Խորը եւ ազատ առեւտրի գոտու դրույթների շուրջ բանակցությունները:

Լայչակը կարեւորել է Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ համագործակցության զարգացումը, քաղաքական երկխոսության ակտիվացումը եւ տնտեսական փոխգործակցության խթանումը: Նա ընդգծել է ազգային խորհրդարանների միջեւ  համագործակցության խորացման կարեւորությունը,  իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը: Սլովակիայի փոխվարչապետը     համոզմունք է հայտնել, որ խորհրդարանական կապերի ակտիվացմանը կնպաստի բարեկամական խմբերի  ու հանձնաժողովների համագործակցությունը եւ նշել, որ Սլովակիայի խորհրդարանում գործում է 19 անդամ ունեցող Սլովակիա-Հայաստան բարեկամության խումբ: Նա բարձր է գնահատել եվրաինտեգրման գործընթացում Հայաստանի գրանցած հաջողությունները եւ համոզմունք հայտնել, որ Արեւելյան գործընկերության ձեւաչափը այս հարցում լայն հնարավորություններ է ընձեռում Հայաստանի համար:Երկուստեք կարեւորվեց համագործակցության խորացումը միջազգային կառույցներում:

Անդրադարձ կատարվեց նաեւ տարածաշրջանային խնդիրներին, կողմերը ընդգծել են, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, խաղաղ բանակցությունների ճանապարհով: