Այսօր՝ ապրիլի 10-ին Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Ժան Պիեռ Ռաստելինիի գլխավորած՝ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի պատվիրակությանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ ոստիկանության պետը շնորհակալություն է հայտնել նրանց առաքելության եւ մարդասիրական գործունեության համար ու կարեւորել համագործակցությունը ոստիկանության աշխատանքը միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու ու նորովի կազմակերպելու առումով:

Վլադիմիր Գասպարյանը ներկայացրել է բարեփոխումների ընթացքը՝ նկատելով, որ նպատակը նոր ոստիկանության ձեւավորումն է, եւ ընդգծել արդի փուլի գլխավոր սկզբունքները, մասնավորապես՝ հանցագործությունները գրանցումից թաքցնելու եւ ծեծով ու խոշտանգումներով ցուցմունք կորզելու արատավոր պրակտիկայի բացառումը:

Ժան Պիեռ Ռաստելինին շնորհակալություն է հայտնել գերազանց համագործակցության համար, եւ նշել, որ առանց որեւէ խոչընդոտի ու դժվարության կատարել են բոլոր այցելությունները եւ իրականացրել իրենց առաքելությունը:

Գոհունակությամբ ընդգծելով բարեփոխումներն ավարտին հասցնելու ոստիկանության ղեկավարության վճռականությունը եւ ակնհայտ փոփոխությունները, պատվիրակության ղեկավարը, միեւնույն ժամանակ, նկատել է, որ հանդիպումների ընթացքում բողոքներ են եղել որոշ կալանավորներից՝ իրենց հանդեպ վատ վերաբերմունքի վերաբերյալ:

Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ չնայած կատարված աշխատանքին, զգալի ճանապարհ կա անցնելու հատկապես ոստիկանների հոգեբանությունն ու աշխատանքի մեթոդները ամբողջովին փոխելու ուղղությամբ եւ հավաստեց, որ ամեն ինչ արվում է այդ վերափոխությունն առավելագույնս կարճ ժամանակամիջոցում իրականացնելու համար:

Հյուրերը հետաքրքրվել են նախօրեին մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում եւ այլ հատվածներում տեղի ունեցած իրադարձությունների մասին:

Վլադիմիր Գասպարյանը մանրամասնել է ցուցարարների եւ ոստիկանության գործողությունները, հետագա  զարգացումները, միջադեպի ընթացքում վնասվածքներ ստացածների վիճակը:

Ոստիկանության ներկայացուցիչները սպառիչ պատասխաններ են տվել պատվիրակության անդամների բոլոր հարցադրումներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: