Հայաստանի գլխավոր դատախազությունում, այսօր՝ ապրիլի 10-ին, տեղի է ունեցել հանդիպում Եվրոպայի խորհրդի խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) պատվիրակության հետ:

Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատվիրակությանը ընդունել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանը:

Հանդիպման ընթացքում, պատվիրակության ղեկավար Ռեստելինին ներկայացրել է հանձնաժողովի կատարած ուսումնասիրությունները եւ նշել, որ կան դրական տեղաշարժեր, սակայն իրենք ցանկանում են ուշադրություն հրավիրել այն խնդիրների վրա, որոնք բարելավման կարիք ունեն: Պատվիրակության անդամները անդրադառնալով ազատազրկման եւ Ձերբակալվածների ժամանակավոր պահման վայրերում գտնվող անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի դեպքերին, առանձնացրել են մի շարք հանգամանքներ, այն է` վատ վերաբերմունքի դեպքերի կանխարգելման, դրանց բացահայտման եւ պատժողական քաղաքականության հարցերը: Բանախոսները նշել են, որ այս ոլորտներում առկա են մի շարք բացթողումներ, որոնք շտկման եւ բարելավման կարիք ունեն:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանը նշել է, որ համամիտ է բարձրացված խնդիրների հետ, որ դեռեւս կան բարեփոխման ենթակա հարցեր, եւ շեշտել, որ ՀՀ դատախազությունը, օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում պայքարում է հանցավոր այդ երեւույթների դեմ: Ա. Թամազյանը միաժամանակ նշել է նաեւ, որ ՀՀ դատախազությունը պատրաստակամ է լսելու հանձնաժողովի առաջարկները, քննարկելու եւ օրենսդրության սահմաններում դրանք կիրարկելու:

Հանդիպումն ամփոփել է ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը, ով շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի անդամներին, մանրակրկիտ աշխատանքների համար, խնդիրները հանգամանալից ուսումնասիրելու եւ վերհանելու համար, եւ հավաստիացրել, որ ՀՀ դատախազության ղեկավարությունը պատրաստակամ է եւ վճռական, իրականացնելու այն բոլոր բարեփոխումները, որոնք կարող են նպաստել հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը: