Երեւանում թյուրիմացություն են համարում Հայաստանը Լիբիա զենք մատակարարող երկրների թվում հիշատակումը: Իրավասու մարմինների աղբյուրը NEWS.am-ին ասաց, որ ամենայն հավանականությամբ, խոսքը թուրիմացության մասին է: «Հայաստանը ոչ մի զենք Լիբիա չի մատակարարել»,-ընդգծեց աղբյուրը:

Միաժամանակ, մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում` «The Washington Post»-ը, վկայակոչելով երեքշաբթի տարածված ՄԱԿ-ի ԱԽ զեկույցը,  հաղորդում է  Լիբիա ապօրինի զենքի մատակարարման դեպքերի մասին: «Զեկույցում հիշատակվում են ԱՄԷ-ից, Հայաստանից, Ալբանիայից եւ Ուկրաինայից զինամթերք Լիբիա փոխադրելու դեպքեր, ինչպես նաեւ կանադական ընկերության կողմից լիբիական ընդդիմությանը զենքի փոխանցման դեպք: Կանադայի իշխանությունները վստահեցնում են, որ այդ դեպքը հետաքննվում է»,-նշում է  «The Washington Post»-ը: