Այն բանից հետո, երբ Կանադայում Թուրքիայի դեսպան Թունջայ Բաբալին «հստակ հասկացրեց», որ Կանադան պետք է վերանայի Հայոց ցեղասպանության հարցում իր դիրքորոշումը` տնտեսական համագործակցությունը շարունակելու համար, կանադացիների պատասխանը կլինի բացարձակ «ոչ»-ը: Նման հայտարարություն է տարածել Տորոնտոյում գործող Սառա Քորնինգի անվան ցեղասպանության ուսուցման կենտրոնը:

«Vancouver Sun» պարբերականում հրապարակված` Կենտրոնի հայտարարության մեջ  մասնավորապես նշվում է. «Կանադացիները կարեւոր դեր են ունցել հայերին ուղղված մարդասիրական ջանքերում դեռ 1800թ-ից: Օրինակ, Նոր Շոտլանդիայից բուժքույր Սառա Քորնինգը փրկել է ցեղասպանության ժամանակ որբացած 5000 հայ երեխաների 1922 թ-ին, երբ  թուրքական ուժերը հրի մատնեցին Սմիրնու քաղաքը:

Հայոց ցեղասպանությունը հաստատվել է քաղաքականապես եւ պատմականորեն` տասնամյակների ընթացքում: Այդ Թուրքիայում է, որ տվյալ խնդիրը  շարունակում է որպես տաբուն է մնալ` հանգեցնելով շատ մտավորականների ներկայացուցիչների հետապնդումների»:

Կենտրոնը կոչ է արել պատկերացնել Գերմանիան, երբ Հիտլերը հերոս էր, իսկ Օսկար Շինդլերի հիշատակը` մոռացված. «Թուրքիան շարունակում է ցեղասպանության ճարտարապետներին վերաբերվել ինչպես նշանավոր անձանց, այն դեպքում, երբ  հայերի կյանքը փրկած խիզախ թուրքերի պատմությունը  լռեցված է:

Կանադայի արժեքներն ու բարոյականությունը վաճառքի համար չեն, դրանք Կանադայի յուրաքանաչյուր քաղաքացու մասնիկն են»,-ասված է  Կենտրոնի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Կանադայում Թուրքիայի դեսպան Թունջայ Բաբալիին «The Canadian Press» պարբերականի հետ զրույցում հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության հարցը դանդաղեցնում է Թուրքիա-Կանադա առեւտրային հարաբերությունները: