Թուրքական լրատվամիջոցների տեղեկատվությունը, թե Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին նոր օրինագիծ է պատրաստվել, որտեղ չի նշված «Հայոց ցեղասպանություն» եզրը, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայ դատի Ֆրանսիայի հանձնախմբի նախագահ Հրաչ Վարժապետյանը:
Նրա խոսքով՝ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին նոր օրինագիծը դեռ պատրաստ չէ եւ հրապարակված չէ, իսկ ինչ վերաբերում է թուրքական լրատվամիջոցների հրապարակումներին, ապա «հայոց ցեղասպանություն» եզրի չի եղել նաեւ պատգամավոր Վալերի Բուայեի կողմից ներկայացված նախորդ օրինագծում:
«Ամենայն հավանականությամբ, թուրքական լրատվամիջոցները իրար են խառնվել ապրիլի 24-ի մոտենալուն զուգահեռ, կամ էլ նման հրապարակումներով իրենց «անհանգստությունն» են հայտնում թուրք-ֆրանսիական հետագա հարաբերությունների առնչությամբ»,-ասել է Վարժապետյանը:
Նա նաեւ տեղեկացրել է, որ Ֆրանսիայի հայ համայնքը սպասում է, որ իր խոստման համաձայն Ֆրանսուա Օլանդը ներկա կլինի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը: «Մենք սպասում ենք, որ նախագահը կամ նրա խորհրդականները կհայտնեն, որ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը պատրաստ է»,-ասել է Վարժապետյանը՝ հավելելով, որ պայմանավորվածության համաձայն Վալերի Բուայեն հետ կանչել իր օրինագիծը, բայց եթե Օլանդի նախաձեռնած օրինագիծը չներկայացվի, Բուայեն իրավունք կունենա ներկայացնել այդ օրինագծի իր տարբերակը:
Հիշեցնենք, որ 2012թ. հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատն ընդունել էր ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ: Մինչ այդ Վալերի Բուայեի նախաձեռնած փաստաթուղթը 2011թ. դեկտեմբերի 22-ին ընդունել էր Ստորին պալատը` Ազգային ժողովը: Որոշումն իսկական խուճապ էր առաջացրել Թուրքիայում: Սակայն փետրվարի վերջին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն օրինագիծը համարել էր հակասահմանադրական, քանի որ այն «սպառնում էր խոսքի ազատությանը»:
Իրադարձություններն ընթանում էին Ֆրանսիայի նախագահական ընտրություններին զուգահեռ, եւ երկու թեկնածուներն էլ` Նիկոլա Սարկոզին եւ Ֆրանսուա Օլանդը, օրինագծի կողմնակիցներն էին: Սահմանադրական խորհրդի վճռից հետո Սարկոզին կառավարությանը հանձնարարել էր նոր օրինագիծ մշակել, սակայն մարտի սկզբին խորհրդարանը ընտրությունների հետ կապված դադարեցրել էր աշխատանքները:




























