Հայաստանը դրական է վերաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ մոտ ժամանակներս հանդիպում անցկացնելու առաջակությանը: Այս մասին այսօր` ապրիլի 11-ին, իր չեխ գործընկերոջ` Կարել Շվարցենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը:

Նրա խոսքով` այն, որ բանակացություններում առաջընթաց չկա, կապված չէ Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի կամ համանախագահների հետ, ովքեր բավական ջանքեր են ներդրել: Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը միշտ դրականորեն է արձագանքել միջնորդների` հանդիպում անցկացնելու առաջարկություններին: «Այս անգամ եւս մեր արձագանքը դրական է եղել: Հանդիպումն անցկացնելու տեղի եւ ժամանակի վերաբերյալ տարբեր գաղափարներ կան: Կարծում եմ` մյուս շաբաթ այդպիսի հնարավորություն կընձեռնվի»,- նշել է էդվարդ Նալբանդյանը:

Էդվարդ Նալբանդյանը նաեւ շնորհակալություն է հայտնել Չեխիային` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանդեպ ունեցած դիրքորոշման համար, որը հնարավոր է լուծել բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով: Նրա խոսքով` Չեխիան, ինչպես ԵՄ այլ անդամ պետություններ աջակցում են հակամարտության լուծմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: «Այս մասին բազմիցս հայտարարվել է ինչպես Չեխիայի այնպես էլ ԵՄ-ի կողմից»,- նշել է Նալբանդյանը: