Չեխիայի եւ Հայաստանի հարաբերությունների մեջ որեւէ քաղաքական խնդիր չկա եւ նրանց կարծիքները 95%-ով համընկնում են: Այս մասին այսօր` ապրիլի 11-ին, Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Չեխիայի ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգը: Նշենք, որ սա նախարարի արդեն երկրորդ այցն է Հայաստան: Առաջին անգամ նա այցելել է 5 տարի առաջ:

Չեխիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով` հարաբերությունների մեջ քաղաքական խնդիրների բացակայությունն ավելի ընդգծում է տնտեսական հարաբերությունների զարգացման կարեւորությունը: «Տնտեսական ոլորտում հարաբերությունները բավարար չափով զարգացած չեն: Անհրաժեշտ է օգտագործել եղած հնարավորությունները»,- ընդգծել է նախարարը: Այս համատեքստում նա նշել է Հայաստանի աշխարհագրական դիրքի գրավչությունը: «Մենք կարող ենք տարբեր ուղղություններով համագործակցել»,- նշել է Կարել Շվարցենբերգը:

Իր հերթին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար էդվարդ Նալբանդյանը նշել է, որ 5 տարվա ընթացքում` իր չեխ գործընկերոջ նախորդ այցից ի վեր, Պրահայում միջազգային կազմակերպությունների շրջանակներում տասնյակ հանդիպումներ են եղել: Նշելով, որ նախարարի պաշտոնական այցի շրջանակում Երեւանում անցկացվում է չեխ-հայկական բիզնես ֆորում, Նալբանդյանը նշել է. «Ես ուրախ եմ, որ պաշտոնական այցի ընթացքում նախարարին ուղեկցում է ձեռնարկատերերի ներկայացուցչական պատվիրակություն: Բիզնես ֆորումն ուղիղ կապեր հաստատելու լավ հնարավորություններ կտա: Տնտեսական հարաբերությունները զարգացնելու նշանակալի հնարավորություն կա: Դրանք ընդլայնելու ուղղությամբ լրացուցիչ ջանքերի պայմանավորվածություն է ձեռք բերվել»:

Էդվարդ Նալբանդյանը նաեւ նշել է, որ նախկին տարիների ընթացքում նշանակալի չափով ընդլայնվել է պայամանագրական իրավական բազան, երկկուղմանի փաստաթղթերի թիվը գերազանցել է երկու տասնյակը: Երկրները նաեւ փոխանակվել են դիվանագիտական ներկայացուցչություններով: «Հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք տարածաշրջանային եւ միջազգայիւն հարցեր: Ես տեղեկացրել եմ իմ գործընկերոջը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար բանակցային գործընթացի նեկա փուլի մասին»,- նշել է էդվարդ Նալբանդյանը:

Բանակցությունները կշարունակվեն աշխատանքային ճաշի ընթացքում: