Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեգնանքով է վերաբերում Ֆինլանդիայի ոստիկանության կողմից գաղտնի «Սեւ ցանկում» իր ընդգրկվելուն: Այդ մասին «Կոմերսանտ»-ին հայտնել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Դա որեւէ պատասխան չի ենթադրում: Որքան մենք գիտենք, ֆիննական կողմն ինքն է ժամանակին գտել այդ թերացումը: Այնտեղ համապատասխան ստուգում է իրականացվում, ուստի չեմ կարծում, թե լրացուցիչ գործողություններ են պահանջվում: Ֆիններն արձագանքեցին եւ ներողություն խնդրեցին»,- ասել է Պեսկովը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ֆինլանդիայի ոստիկանությունը սխալմամբ Վլադիմիր Պուտինին ընդգրկել էր հետախուզվող հանցագործների գաղտնի ցուցակում: Ռուսաստանի նախագահի անունը ցանկից հեռացրել են, իսկ փաստի առթիվ ծառայողական քննություն է սկսվել:

Ոստիկանության ազգային վարչության մամուլի քարտուղար Ռոբին Լարդոտը հստակեցրել է, թե միջադեպը աշխատակիցներից մեկի «մասնավոր սխալի» հետեւանք է:

Ֆիննական MTV3 հեռուստաալիքի տվյալներով, ՌԴ նախագահի անունը հանցագործների ցանկում մտցվել է Գիշերային գայլեր» բայքերային ակումբի հետ նրա փոխհարաբերությունների պատճառով: Ակումբի որոշ անդամներ Ֆինլանդիայի ոստիկանության կողմից հետախուզվում են տարբեր օրինախախտումների համար (օրենքի հետ խնդիրներ ունեն նաեւ Ռուսաստանում):

Ֆիննական ԱԳՆ-ի ղեկավար Պյայվի Ռյասյանենն արդեն ներողություն է խնդրել Վլադիմիր Պուտինից տեղի ունեցածի համար: