ԱՄՆ Միչիգանի նահանգի Ֆարմինգտոն-Հիլզ քաղաքի բնակիչ նվագող Արա Թոփուզյանն ապրիլի 10-14-ին կայանալիք դեթրոյթյան «Art X» շաբաթի շրջանակում հայկական եւ մերձավորարեւելյան երաժշտություն կներկայացնի:

Ըստ  «Farmington Hills Patch»-ի, Դեթրոյթի Ռայթ թանգարանի ժամանակակից արվեստի Պատկերասրահում ապրիլի 12-ին տեղի կունենա  «Detroit Hye Times» սեմինար եւ բանավեճ` Թփուզյանի եւ երկու այլ ճանաչված հայ երաժիշտների` Բոստոնում բնակվող, ուդ նվագող վիրտուոզ Մալ Բարսամյանն ու Հյուսիսարեւելյան համալսարանի պրոֆեսոր, կլարնետահար Լեոն Ջանիկյանի մասնակցությամբ:

Նրանք կբանավիճեն հայկական եւ մերձավորարեւելյան գործիքների առաջացման վերաբերյալ, կքննարկեն հայկական երաժշտության պատմությունը, ինչպես նաեւ եռյակը մի քանի կատարումներ կիրականացնի: Դրանից հետո Թոփուզյանը մեծ Դեթրոյթում կներկայացնի  20-րդ դարի սկզբից սկսած հայկական ազգային երաժշտության պատմությունը:

«Մեծ Դեթրոյթի տարածաշրջանում Դեթրոյթը 20-րդ դարի սկզբին դարձել է ավելի քան 40 հազար հայի տուն: Ես ցանկանում եմ հանրությանը ներկայացնել Դեթրոյթի հասարակության զարգացման գործում հայ երաժիշտների  դերը: Այդ երաժիշտները եկել են «հին երկրից» եւ իրենց հետ Դեթրոյթ են բերել ազգային երգեր եւ իրենց ինքնությունը: Այս սեմինարը հնարավորություն է տալիս հարգել նրանց աշխատանքն ու ներդրումները Դեթրոյթի կյանքում»,- ասել է Թոփուզյանը:

Սեմինարից հետո հայկական ազգային եւ պարային երաժշտությունների համերգ կկայանա` բոլոր երեք երաժիշտների, ինչպես նաեւ հարվածային գործիքներ նվագող Մայքլ Շիմինի մասնակցությամբ: Սեմինարի եւ համերգի մուտքն անվճար է: