Ապրիլի 10-ին Գյումրիում, Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի դահլիճում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (ՀՊԵՆ) եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը համատեղ ներկայացրել են «Երիտասարդները երիտասարդների համար. Hollywood Non-Stop» համերգային ծրագիրը։
Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ներկայացրել է հոլիվուդյան հայտնի ֆիլմերի («Խիզախ սիրտը», «Կարիբյան ծովի ծովահենները», «Կնքահայրը», «Մի անգամ Ամերիկայում» եւ այլն) մեղեդիները: Ծրագրում ընդգրկված բոլոր ստեղծագործությունները հատուկ մշակվել են Երիտասարդական նվագախմբի համար:
ՀՊԵՆ-ի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշել է, որ երիտասարդական նվագախումբը հաճախ է ելույթ ունենում գյումրեցի խստապահանջ հանդիսատեսի առաջ, ով կարողանում է ճիշտ գնահատել պրոֆեսիոնալ երաժշտին: Սերգեյ Սմբատյանը նշել է նաեւ, որ նվագախումբը որդեգրել է դասական երաժշտությունը մարզերում ներկայացնելու քաղաքականությունը, եւ իրենք պարբերաբար տարբեր ծրագրերով ելույթ են ունենում մարզերի երաժշտասեր հանդիսատեսի համար։
Երիտասարդական նվագախումբը «Hollywood Non-Stop» ծրագրով արդեն հանդես է եկել Վանաձորում, Եղեգնաձորում, իսկ ապրիլի 19-ին սիրված ֆիլմերի մեղեդիները կհնչեն Արտաշատում։
Երեկ երեկոյան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես է եկել նաեւ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում (մենակատար` կլարնետահար Իգոր Ֆյոդորով (Ռուսաստան):



























