Այսօր՝ ապրիլի 11-ին, տեղի է ունեցել ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի եւ պաշտոնական այցելությամբ Հայաստան ժամանած Չեխիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգի հանդիպումը։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Չեխիայի միջեւ հարաբերությունները թեւակոխել են որակապես նոր փուլ։ «Վերջին տարիների ընթացքում մեզ հաջողվել է նաեւ զգալիորեն ընդլայնել իրավապայմանագրային դաշտը, ինչը հավելյալ խթան է հաղորդել դինամիկ զարգացող փոխգործակցությանը»,- ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը։

Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար՝ Չեխիայի արտգործնախարարը նշել է, որ հայ-չեխական հարաբերություններում գրանցված առաջընթացը բավականին ակնառու է, ինչն արտահայտվում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության պարբերական բնույթով,  միջխորհրդարանական ակտիվ շփումներով, եւ ընդգծել է, որ եկել է ժամանակը ուշադրությունը սեւեռելու տնտեսական բնագավառում համագործակցության խորացման եւ ընդլայնման վրա։ Այս առումով երկուստեք կարեւորվել է նախարար Շվարցենբերգի պատվիրակության կազմում չեխ գործարարների ներկայությունը, եւ Երեւանում հայ-չեխական գործարար համաժողովի անցկացումը։

Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկվել են տարբեր բնագավառներում երկկողմ փոխգործակցության խորացման նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերը։ Կարեւորվել է տնտեսական ոլորտի իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, մշակութային փոխանակումների խթանումը:

Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ համագործակցությանը եւ Պրահայում սկիզբ առած Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի արձանագրած առաջընթացին, մասնավորապես ավարտական փուլ մտած Ասոցացման համաձայնագրի ու Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններին։

Էդվարդ Նալբանդյանը չեխ գործընկերոջը հանգամանալից ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։ Այս ենթատեքստում Չեխիայի առաջին փոխվարչապետը վերահաստատել է աջակցությունը հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման նպատակով իրականացվող քայլերին։

Մինչ հանդիպումը Էդվարդ Նալբանդյանն ու Կարել Շվարցենբերգը բացել են հայ-չեխական գործարար համաժողովը։

Հանդիպմանը հետեւել է համատեղ մամուլի ասուլիսը: