Իսրայելի տնտեսության նախարար Նաֆթալի Բենեթն ապրիլի 11-ին նամակ է ստացել, որում ասվել է, որ նրա դեմ կիրառվել է Պուլսա Դի Նուրայի հինավուրց կաբալիստիկ անեծքը:

Հաղորդագրության հեղինակները գրել են «Անեծք, ոչ թե՝ օրհնանք» խոսքերը եւ հայտնել են, որ Բենեթը կմահանա երիտասարդ, իսկ մնացած կյանքն էլ կապրի տառապանքների մեջ: «Քեզ կհետեւեն սարսափները: Այսուհետ քո կյանքը քանդված է: Քեզանից բոլորը երես կթեքեն, ներառյալ քո երեխաները, մահացած Բենեթ»,- նամակը մեջբերել է «Եդիոտ Ահրոնոտ» թերթը:

Պաշտոնյան` կարդալով այդ նամակը, համարել է, որ դա իր կյանքին վտանգ է սպառնում եւ այն ուղարկել է ոստիկանություն, հայտնում է «Լենտա.ռու»-ն:

Ելնելով տեքստից` կարելի է ենթադրել, որ նամակը պատրաստել են ուլտրաօրթոդոքս հրեական համայնքի ներկայացուցիչները, որոնք վրդովվել են նախարարի այն մտադրություններից, որ  կրոնավոր երիտասարդները պետք է  ծառայեն բանակում: Այդպիսի նախագծերի համար կրոնական լրատվամիջոցները սկսել են նախարարի մասին գրել որպես «Սատանա եւ Իսրայելի ժողովրդի թշնամի»:

Ներկա պահին ուլտրակրոնական հրեաները կարող են չաշխատել, չծառայել բանակում եւ միեւնույն ժամանակ աշխատավարձ ստանալ: Նրանց համար միակ ընդունելի գործը դա աղոթքն է: Իրերի այդպիսի դրվածքն ահավոր վրդովվեցնում է հասարակ իսրայելցիներին:

Պուլսա ԴիՆուրան արարողակարգ է, որին սովորաբար մասնակցում են որոշ հեղինակավոր րաբունիներ: Միասին հավաքվելով` հատուկ տեքստերի եւ անեծքների  օգնությամբ նրանք «արգելափակում են» այս կամ այն հրեային, որից հետո վերջինս իր գործած մեղքերի համար սպանվում է հրեշտակների կողմից: