Այսօր՝ ապրիլի 11-ին, Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չեխիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգին:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով պարոն Շվարցենբերգին Ազգային ժողովում` Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել նրա այցը միջպետական հարաբերությունների զարգացման առումով: ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանը շահագրգռված է բոլոր ուղղություններով զարգացնել փոխգործակցությունը Չեխիայի հետ, հաշվի առնելով նաեւ այն ընդհանուր նպատակները, որ Հայաստանը հետապնդում է Արեւելյան գործընկերության շրջանակներում:

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համագործակցությանը` ԱԺ նախագահը նշել է, որ եվրաինտեգրումը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է եւ Եվրամիության հետ փոխգործակցության շրջանակը վերջին տարիներին զգալիորեն ընդլայնվել է: Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ նշել է, որ գործընկերային հարաբերություններ են հաստատվել երկու երկրների խորհրդարանների միջեւ` համոզմունք հայտնելով, որ խորհրդարանական դիվանագիտությունը երկրների միջեւ քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարեւոր լծակներից է: ԱԺ նախագահը կարեւորել է փոխգործակցությունը միջազգային կառույցների շրջանակներում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` պարոն Շվարցենբերգը գուհունակությամբ նշել է, որ Հայաստան-Չեխիա համագործակցությունը վերելք է ապրում, ինչը դրսեւորվում է քաղաքական ակտիվ երկխոսությամբ, միջխորհրդարանական կապերի զարգացմամբ եւ տարբեր ոլորտներում փոխգործակցությամբ: Նա նույնպես կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերություններում:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական հարցերին, հետընտրական գործընթացներին: Չեխիայի արտգործնախարարը կարեւոր է համարել, որ բոլոր միջազգային կառույցները բարձր գնահատական են տվել հայաստանյան նախագահական ընտրություններին եւ հույս հայտնել, որ դիտորդների կողմից արձանագրված որոշակի թերությունները կշտկվեն:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի, երկուստեք շեշտելով, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով: