«Չեխական ավիաուղիները» Պրահաից Երեւան կսկսեն թռչել այս տարվա հունիսի 13-ից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Չեխական ավիաուղիների» մամուլի քարտուղար Դանիել Շաբիկը:
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի կոցեսիոներ «Միջազգային օդանավակայաններ Հայաստան» ընկերությունը (Էռնեկյանի արգենտինական Corporacion America-ի դուստր ընկերություն) հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ կապված «Արմավիա» ընկերության սնանկացման գործընթաց սկսելու հետ, մի շարք օտարերկրյա ավիափոխադրողների հետ համաձայնություն է կնքվել՝ դեպի Երեւան չվերթների ավելացման շուրջ: Այսպես, «Ավստրիական ավիաուղիներն» ու «Չեխական ավիաուղիները» շաբաթական 7 չվերթ կիրականացնեն, «Alitalia»-ն՝ 5 չվերթ, իսկ լեհական LOT-ը կվերսկսի չվերթները հունիսին: Բանակցություններ են ընթանում նաեւ այլ ընկերությունների, այդ թվում FlyDubai».-ի հետ:
«Կարող եմ հաստատել, որ «Չեխական ավիաուղիները» երկու նոր չվերթ են բացում՝ Պրահա-Երեւան ուղղությամբ: Այսպիսով, չվերթների թիվը շաբաթական հասնում է 7-ի: 6-րդ չվերթը կբացվի մայիսի 6-ին, իսկ 7-րդը՝ հունիսի 13-ին»,-պարզաբանել է Շաբիկը:




























