Դատական կատարածուները առգրավել են հայտնի գործարար Բորիս Բերեզովսկիի պարտքերի մի մասը՝ հարուցված 5 գործերից 3-ի մասով: Այս մասին հայտնել է Դատական կատարածուների դաշնային ծառայության ղեկավար Արթուր Պարֆենչիկովը: Գերատեսչությունում հայտարարել են, որ մտադիր են հետեւել ժառանգորդի որոշման եւ հանգուցյալ գործարարի իրավունքները տվյալ անձին փոխանցելու գործընթացին: Պարֆենչիկովն ընդգծել է, որ իրավաժառանգորդի ունեցվածքը հայտնաբերել եւ կալանավորելն ավելի հեշտ կլինի, եթե նա հայտնվի Ռուսաստանում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Բերեզովսկիի մահից հետո մարտի վերջին Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ կշարունակի «Բերեզովսկիի եւ նրա հանցակիցների կողմից հանցագործ ճանապարհով ձեռք բերված ակտիվների» վերադարձնելու գործընթացը, որոնք հետագայում օրինականացվել են օտար երկրներում:

Դատական կատարածուները Բերեզովսկիի պարտքերի ընդհանուր գումարը գնահատել են 3,2 մլրդ ռուբլի: Ավելի ուշ հաղորդվել է, որ այդ պարտքերը ենթադրվում է ստանալ գործարարի նախկին գործընկերներից:

2007 թվականին Բերեզովսկին մեղավոր է ճանաչվել «Աէրոֆլոտի» եւ Սամարայի մարզի կառավարության միջոցները յուրացնելու մեջ եւ հեռակա կարգով դատապարտվել 6 տարվա ազատազրկման: 2009 թվականին նրան էլի հեռակա կարգով դատապարտել են 13 տարվա ազատազրկման՝ «ԱվտոՎԱԶ»-ի ունեցվածքի յուրացման համար: 2012-ի հուլիսին «Աէրոֆլոտի» եւ Սամարայի մարզի իշխանությունների օգտին Բերեզովսկիից առգրավվել է 109 մլն ռուբլի:

Հիշեցնենք, որ Բերեզովսկին մահացել է այս տարվա մարտի 23-ին: Նրա մարմինը գտել են Մեծ Բրիտանիայի իր առանձնատան լոգարանում: Մինչ օրս պարզ չէ, դա ինքնասպանություն է, թե՝ սպանություն: