ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ժամանել է Հարավային Կորեա: Սպիտակ Տան ներկայացուցչի խոսքով՝ այս այցելության պատճառը կորեական թերակղզում լարվածությունն է, որը կապված է ԿԺԴՀ-ի կողմից սպառնալիքների հետ:
Հարավային Կորեայից հետո Քերրին նախատեսում է այցելել նաեւ Չինաստան եւ Ճապոնիա, հաղորդում է BBC_ի ռուսական ծառայությունը:
Ինչպես նշում է Vesti.ru-ն, Վաշինգթոնում հույս ունեն, որ Քերրիի ներկայությունը կօգնի նվազեցնել լարվածությունը թերակղզում: Բայց կա նաեւ այլ կարծիք, ըստ որի, ԱՄՆ պետքարտուղարի այցն էլ ավելի կմեծացնի ԿԺԴՀ-ի զայրույթը: Այնտեղ հիմա տոնում են Կիմ Չեն Ընի իշխանության գլուխ գտնվելու մեկ տարին, պատրաստվում են Արեւի օրվան (Կիմ Իր Սենի ծննդյան օրվան): Շատերը կարծում են, որ հյուսիսկորեական «Մուսուդան» հրթիռի արձակումը կարող է տեղի ունենալ հենց այդ օրը՝ ապրիլի 15-ին:




























