Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «վրա է տվել» ՄԱԿ-ին։ Իր «հանճարեղ» հայտարարությունն ադրբեջանական պետության ղեկավարն արել է Բաքվում ընթացող ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների առաջին միջազգային ֆորումի ժամանակ։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ալիեւ կրտսերը հերթական անգամ հայտարարել է Ադրբեջանի ու տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող՝ ղարաբաղյան հակամարտության վտանգի մասին։
Ալիեւը ներկաներին մատուցել է միջազգային իրավական նորմերի սեփական մեկնաբանությունը, նշելով. «Լեռնային Ղարաբաղն ու շրջակա տարածքները պետք է վերադարձվեն նրան, ով դրանց «օրինական» տերն է։ Մենք ձտգում ենք բանակցություններին խթան հաղորդել, սակայն հակառակ կողմի դիրքորոշումը գործընթացը ձգձգելն է», - հայտարարել է Ալիեւը՝ չզլանալով մատնանշել, թե որն է ադրբեջանական կողմի «իրավունքը»:
Չսահմանափակվելով իրենց «իրավունքների» մասին մերկապարանոց պնդումներով, Ալիեւը միջազգային կազմակերպություններին մեղադրել է երկակի ստանդարտներ կիրառելու մեջ: «Հակամարտությունը պետք է լուծվի Հելսինկյան ամփոփիչ ակտի ու ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձեւերի հիման վրա։ Այստեղ մենք բախվում ենք կրկնակի ստանդարտների դրսեւորման հետ։ Մենք գիտենք, որ որոշ որոշումներ իրագործվում են մի քանի ժամվա ընթացքում, իսկ ղարաբաղյան հակամարտության նկատմամբ կրկնակի ստանդարտները չեն բարձրացնում միջազգային կազմակերպությունների, եւ առաջին հերթին՝ ՄԱԿ-ի հեղինակությունը»։
Հիշեցնենք, որ Ալիեւին նշած Հելսինկյան ամփոփիչ ակտի դրույթներից մեկը ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքն է։




























