Այսօր՝ ապրիլի 12-ին, Հայաստանի ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն էին այցելել ԱՄՆ ոստիկանության եւ հանրային անվտանության գործակալության («911» ծառայություն) փորձագետները։

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանք Հայաստանում են գտնվում աջակցելու ՀՀ ոստիկանությանը` ավելի արդյունավետ դարձնելու օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատանքը եւ արդիականացնելու ոստիկանության պարեկային ծառայությունը։

Սրանք կարեւոր նշանակության ունեն ոստիկանության գործունեության համար եւ լսելով ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի մասին, ամերիկացի փորձաբետները ցանկություն էին հայտնել այցելել կենտրոն` առավել մանրամասն ծանոթանալու դրա աշխատանքին։

Հանդիպման ընթացքում ՃԿԿ պետ, գնդապետ Հ. Խանգելդյանն օտարերկրյա փորձագետներին հանգամանալից ներկայացրել է ճգնաժամային կառավարման կենտրոնի առաքելությունը, կառուցվածքը, գործունեության սկզբունքները, տեխնիկական հագեցվածությունն ու ծրագրային ապահովումը` նաեւ պատասխանելով հյուրերի հարցերին։

Ամերիկացի մասնագետներին հետաքրքրում էին տեղի ոստիկանության եւ շտապօգնության ծառայությունների հետ համագործակցության մեխանիզմները, ինչպես նաեւ մարդուն հրատապ օգնության «911» ծառայության զարգացման ծրագրերը։

Արտերկրի փորձագետները տպավորված էին տեսածով։ Նրանք նշել են, որ շատ լավ է, որ ճգնաժամային կառավարման կենտրոնում կուտակվող տեղեկատվության զգալի մասը հասանելի է նաեւ շարքային քաղաքացիներին, քանի որ դա կարեւոր է հանրային իրազեկման համար։