Գերմանիայի նախկին նախագահ Քրիստիան Վուլֆին կաշառակերության մեղադրանք է առաջադրվել: Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ մեղադրանք է առաջադրվում Գերմանիայի նախկին նախագաի դեմ:
Ինչպես գրում է Deutsche Welle-ն, այսօր՝ ապրիլի 12-ին Հաննովերի դատախազության հրապարակած հաղորդագրության մեջ նշվում է, որ դա կապված է Վուլֆի եւ կինոպրոդյուսեր Դավիդ Գրյոնեվոլդի միջեւ հարաբերությունների հետ, որի դեմ եւս նմանատիպ մեղադրանք է առաջադրվել:
Գրյոնեվոլդ մասնակիորեն վճարել է Վուլֆի եւ նրա տիկնոջ այցելությունը Մյունխեն՝ մասնակցելու գարեջրի «Օկտոբերֆեստ» փառատոնին: Դատախազությունում նշել են, որ դա բավարար հիմք է տալիս, կարծելու, որ այդ գործողությունների նպատակը եղել է այն, որպեսզի Ներքին Սաքսոնիայի դաշնային հողի այն ժամանակվա վարչապետն աջակցի Գրյոնեվոլդի կինոնախագծի ֆինանսավորմանը՝ Siemens կոնցեռնի կողմից:
Վուլֆն ու Գրյոնեվոլդն ապրիլի 9-ին մերժել են դատախազության առաջարկությունը՝ դադարեցնել իրենց դեմ հարուցված գործը՝ տուգանք վճարելու դիմաց: Հաննովերի հողային դատարանը հիմա պետք է որոշի, թե արդյոք եղե՞լ է բավարար հիմք դատական գործընթաց սկսելու համար, թե՝ ոչ:




























