Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն, այսօր՝ ապրիլի 12-ին, հանդիպել է բալթյան երկրներից Հայաստան ժամանած քաղաքական գործիչների եւ քաղաքագետերի, ովքեր վաղը մասնակցելու են «Հայաստան. աշխարհաքաղաքական եւ ինտեգրացիոն հեռանկարներ» թեմայով կոնֆերանսին: «Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանն Էդուարդ Շարմազանովին է փոխանցել կոնֆերանսին մասնակցելու հրավեր:

ԱԺ փոխնախագահը հավաստիացրել է, որ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում ինտեգրացիոն քաղաքականությանը՝ հասկանալով, որ գլոբալիզացիայի դարաշրջանում հնարավոր չէ միայնակ դիմակայել առկա խնդիրներին՝ լինի դա հետխորհրդային տարածքում, թե Արեւելյան Եվրոպայի կամ ԵՄ երկրներում: Բալթյան երկրների հարուստ փորձը ինտեգրման ճանապարհին, Շարմազանովի գնահատմամբ, կարող է օգտակար եւ ուսանելի լինել, իսկ հրավիրվելիք կոնֆերանսը՝ նոր ձեւաչափ համագործակցության գործնական քայլեր կատարելու համար:

Լատվիայի Սեյմի պատգամավոր Նիկոլայ Կաբանովի խոսքով՝ լավ նախադրյալներ կան բարձրագույն կրթության, զբոսաշրջության ոլորտում փոխշահավետ ծրագրեր իրականացնելու համար, նաեւ՝ մեծ է ապրանքաշրջանառության ծավալներն ավելացնելու ներուժը:

Էդուարդ Շարմազանովը, ով նաեւ Հայաստան-Լատվիա, Լիտվա եւ Էստոնիա բարեկամության խմբի ղեկավարն է, համաձայնել է, որ բարեկամական եւ շատ ընդհանրություններ ունեցող երկրների համար համագործակցության այս ցուցանիշները բարելավման կարիք ունեն: Նա հայկական կողմի անունից պատրաստակամություն հայտնեց նպաստել փոխգործակցության եւ ինտեգրացիայի բոլոր ծրագրերին:

Հյուրերը հետաքրքրված էին Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման գործընթացով: Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ Հայաստանի համար կարեւոր է թե եվրոպական եւ թե եվրասիական ինտեգրումը՝ դիտարկելով դրանք միմյանց փոխլրացնող եւ ոչ թե հակադրվող ուղղություններ: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ փակ սահմանների խնդրին: Շարմազանովն անընդունելի է համարել, որ ԵՄ անդամակցությանը ձգտող երկիր Թուրքիան փակ է պահում հարեւան երկրի հետ սահմանը: Հյուրերի համոզմամբ ՝ ԵԽ-ի եւ ԵԱՀԿ-ի տարածքում, որտեղ ընդգրկված է նաեւ Հայաստանը, պետք է գործեն միասնական սկզբունքներ:

Լիտվայի խորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Ալգիրդաս Պալեցկիսը, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, իր պարտքն է համարել բարձրացնել այդ հարցը եւ հասնել հայերի ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Վերլուծաբանը նաեւ անհերքելի փաստ համարեց, որ Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն է՝ ամրագրված ինքնորոշման իրավունքով: