Օբամայի վարչակազմը 18 ազգանուններից «Մագնիտսկիի ցուցակ» է կազմել եւ ուղարկել ԱՄՆ Կոնգրես` հաստատման:
Ցուցակում ընդգրկվել է պաշտոնյաների եւ ուժայինների 16 անուն, ովքեր, ըստ ամերիկյան վարկածի, կապ ունեն մեկուսարանում Սերգեյ Մագնիտսկիի մահվան հետ, ինչպես նաեւ այդ պատմության հետ ուղիղ կապ չունեցող երկու անձնավորություն, հայտնում է Reuters-ը: Ցուցակի մեջ հայտնված բոլոր անձինք այլեւս հնարավորություն չեն ունենա Միացյալ Նահանգներ մտնել, իսկ ամերիկյան բանկերում նրանց հաշվեհամարները սառեցվելու են, գրում է «Լենտա.ռու»-ն:
Ավելի վաղ, կոնգրեսականները` կազմելով «Մագնիտսկիի ցուցակը», մտավախություն են հայտնել, որ Սպիտակ Տունը կարող է առավելագույնս կրճատել այդ ցուցակի կազմը: 2010 թվականին ԱՄՆ Սենատի անդամ Բենջամին Կարդինի կողմից կազմված «Մագնիտսկիի ցուցակի» առաջին տարբերակը 60 անուն էր պարունակում: Ավելի ուշ Սպիտակ Տանն առաջարկել են ցուցակի մեջ ընդգրկել 240, այնուհետեւ նաեւ 280 մարդու անուն:
Ռուսաստանն իր հերթին խոստացել է գործի դնել ամերիկացիների «սեւ ցուցակը», որոնց մուտքը ՌԴ կարգելվի: Չհաստատված տվյալներով` ցուցակը կարող է ընդգրկել ավելի քան 100 անուն:




























