Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 12-ին, կայացել է «ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի փորձաքննություն» աղետների ռիսկի նվազեցման նախագծի ղեկավար հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովի համանախագահներն էին ՀՀ ԱԻ փոխնախարար Հ. Մխիթարյանը եւ Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) մարդասիրական ծրագրի ղեկավար Մաթիաս Վայնգարթը։
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման հիմնական նպատակը նախագծի 1-ին փուլի ամփոփումն էր, եւ 2-րդ փուլի անելիքների նախանշումը։
ՓԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Ն. Գրիգորյանը համառոտ ներկայացրել է կատարված աշխատանքները։
ՇԶՀԳ փորձագետներ Բարբարա Ռոթենբերգերը եւ Պատրիկ Սմիթը շնորհակալություն հայտնել են իրենց հայ գործընկերներին` արդյունավետ ու ակտիվ համագործակցության համար։ Այս ընթացքում վերանայվել են ՃԿԿ կառուցվածքն ու տեխնիկական զինվածությունը։ Անկաշկանդ ու թափանցիկ քննարկումների շնորհիվ վեր են հանվել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են ՃԿԿ առավել արդյունավետ աշխատանքին:
ՃԿՊԱ ռեկտոր Հ. Մաթեւոսյանը շեշտել է, որ Հայաստանում 1-ին անգամ մշակվել են միջազգային չափանիշներին համապատասխան մոդուլներ` աշխատակիցների վերապատրաստման համար։ Լուսակերտի ուսումնական կենտրոնում կստեղծվի նաեւ ՃԿԿ սիմուլյացիոն լսարան` վերապատրաստման դասընթացների համար։
Նախագծի հիմնական նպատակներից մեկն ԱԻՆ կարողությունների ապակենտրոնացումն է, եւ շվեյցարացի մասնագետների գնահատմամբ` մեկ տարվա ընթացքում այդ ուղղությամբ եւս զգալի աշխատանք է արվել։ Հաջողություններ են գրանցվել նաեւ այլ գերատեսչությունների եւ մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցության ոլորտում (ՀՀ ոստիկանություն, տրանսպորտի եւ կապի նախարարություն, բջջային օպերատորներ եւ այլն)։
Նախագծի 2-րդ փուլում նախատեսվում է միջազգային փորձագետների աջակցությամբ շարունակել ԱԻՆ կարողությունների ապակենտրոնացումը, մշակել համառոտ ուղեցույցեր եւ տեղեկատվական հոսքերը կարգավորող հրահանգներ` ՃԿԿ անձնակազմի համար, ինչպես նաեւ վերապատրաստել ՃԿՊԱ դասախոսական կազմը։
Հանձնաժողովի անդամները համաձայնել են, որ այս ոլորտի զարգացումը չի կարող կանգնել որեւէ կետի վրա եւ պետք է շարունակական կլինի։



























