Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ` Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցության համատեքստում, կոմիտեում այսօր ներկայացվել է «Օպտիմալ մակրոտնտեսական եւ հարկաբյուջետային քաղաքականության իրականացման հարցում արդիական մոտեցումներ» թեմայով շնորհանդեսը:

ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառումը կազմակերպվել է ժամանակակից եւ արդյունավետ հարկային վարչարարություն իրականացնելու ուղղությամբ ՊԵԿ-ի կատարած շարունակական քայլերին օժանդակելու` նոր համագործակցության շրջանակում: Այն ներառում է ԱՄՀ օժանդակությունը կոմիտեի նախաձեռնած հեռանկարային վերապատրաստման ծրագրերին, ինչպես նաեւ տեխնիկական աջակցության վերականգնումը բարեփոխումների գործընթացին: ԱՄՀ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները մեր հանրապետության օրինակով անդրադարձել են փոքր բաց տնտեսությունների զարգացման հիմնական միտումներին` ընդգծելով հարկաբյուջետային քաղաքականության առանցքային դերը նման երկրների տնտեսական կայունացման հարցում:

ԱՄՀ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է. «Այսօր մենք համագործակցության նոր փուլ ենք սկսում ՊԵԿ-ի հետ, որն ուղղված է աշխատակազմի մասնագիտական վերապատրաստման հնարավորությունների զարգացմանը: Մասնագետների վերապատրաստման ուղղությամբ կոմիտեն արդեն իսկ զգալի ջանքեր է գործադրել, բայց մենք ուզում ենք մեր հերթին նոր թափ հաղորդել եւ օժանդակել այդ գործընթացին: Մենք նաեւ վերականգնում ենք ՊԵԿ-ին ցուցաբերվող տեխնիկական, խորհրդատվական աջակցությունը. Վաշինգտոնից փորձագետների նոր թիմն արդեն Երեւանում է եւ շարունակելու ենք օժանդակել ՊԵԿ-ին հետագայում իր աշխատանքները կատարելագործելու հարցում: Համագործակցությամբ նպատակադրվել ենք օգնել ՊԵԿ-ին` հարկահավաքման ժամանակակից եւ արդյունավետ գործող կառույց դառնալու հարցում»:

Անդրադառնալով կոմիտեի գործունեությանը` Գիերմո Տոլոսան ընդգծել է. «ՊԵԿ-ի աշխատանքի գնահատման տեսանկյունից հատկապես կառանձնացնեի հարկերի ապահովման հարցում արձանագրված նկատելի տեղաշարժը, ինչը կարեւոր է երկրի համար, քանի որ հնարավորություն է ընձեռում պետությանը զարգանալ եւ ավելի բարեկեցիկ դառնալ: Ցանկանում եմ առանձնացնել նաեւ ստուգումների գործընթացում ռիսկերի համակարգի վրա հիմնվելու բարեփոխումները, որոնք որոշակիորեն հեշտացրել են ձեռնարկությունների համար հարկային մարմինների հետ շփումները տնտեսական գործունեության մեջ: Շատ ողջունելի է նաեւ ՊԵԿ-ի իրականացրած աշխատանքը էլեկտրոնային եղանակով հայտարարագրերի ներդրման ուղղությամբ, ցանկանում եմ ընդգծել նաեւ հարկ վճարողների սպասարկման որակը բարձրացնելու ուղությամբ կոմիտեի կատարած աշխատանքը: Այժմ Հայաստանի հարկ վճարողների համար շատ հեշտացել է անհրաժեշտ տեղեկությունների ստացումը: Ամփոփելով նշեմ, որ դեռ բազմաթիվ անելիքներ կան, մասնավորապես անհարժեշտ է ավելի նվազեցնել շփումները հարկ վճարողների եւ հարկային ծառայողների միջեւ: Ճիշտ է` այս իմաստով որոշակի աշխատանք արդեն իսկ արվել է, սակայն դեռեւս անելիքներ կան, պետք է հնարավորինս կանխատեսելի լինի շփումը եւ հարկերը վճարելու մեխանիզմը: Մենք այս առումով ձգտելու ենք շարունակել աշխատանքը եւ էլ ավելի մեծ առաջընթաց ենք փորձելու արձանագրել»:

ՊԵԿ ուսումնական կենտրոնում այժմ կադրերի վերապատրաստման, աշխատակիցների մասնագիտական կարողությունների բարձրացման ակտիվ գործընթաց է սկսվել, ինչը, ՊԵԿ նախագահի խորհրդական Լեւոն Բարխուդարյանն իրեն հոգեհարազատ է համարում. «Համակարգի տեխնիկական վերազինումը, օրենսդրության եւ վարչարարության շարունակական զարգացումը նոր պահանջներ են առաջադրում, հետեւաբար խիստ կարեւորում եմ այդ գործընթացը նաեւ այն առումով, որ մյուս կողմից էլ այն հնարավորություն է ստեղծում հարկ վճարողների հետ աշխատանքն ավելի համակարգված եւ գործընկերային դարձնել: Ուսումնական ծրագրեր ենք սկսել նաեւ գործարարների համար, նպատակն է` բարձրացնել հարկատուների գիտելիքները եւ կարողությունները, ինչը, բնականաբար, իր հերթին կնպաստի ընդհանուր հարկատվության աճին»:

Միջոցառման ընթացքում քննարկվել են հարկային եկամուտների ապահովման սկզբունքները, կարեւորվել է հետխորհրդային երկրների համար ծրագրավորված եկամտային թիրախների գործող համակարգից ավելի ճկուն հարկային քաղաքականության արագ անցման հարցը, որի պարագայում հարկային արդյունքները պայմանավորված կլինեն ընդհանուր տնտեսական իրավիճակով, ինչպես նաեւ կապահովեն հարկային ոլորտը կարգավորող օրենքների եւ իրավական ակտերի կայուն եւ կանխատեսելի կիրառումն ու հարկային վերահսկողությունը: