Նիդերլանդների կառավարությունը հրապարակել է «Ուրիշ Ռուսաստան»-ի ակտիվիստ Ալեքսանդր Դոլմատովի ինքնասպանության հետաքննության նյութերը: Այդ նյութերի համաձայն՝ նրա կալանավորումը անարդար է եղել:

«Դոլմատովին անարդար են ձերբակալել, նրան իրավական աջակցության տրամադրումը տեղի է ունեցել օրենսդրության խախտումներով, իսկ բժշկական օգնություն տրամադրելիս ցուցաբերվել է ոչ պրոֆեսիոնալիզմ»,-ասված է փաստաթղթում, որը տեղադրվել է կառավարության կայքում:

Միաժամանակ, Նիդերլանդների անվտանգության եւ արդարադատության տեսչությունը հայտարարել է, որ ներկայումս դժվար է ենթադրել, թե ինչպես կզարգանային իրադարձությունները, եթե Դոլմատովի նկատմամբ ավելի «պատշաճ» գործողություններ կիրառվեին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում «Բոլոտնայա հրապարակի գործով» հետապնդվող Դոլմատովը ինքնասպան է եղել հունվարի 17-ին, Ռոտերդամում, որտեղ նրան հրաժարվել էին քաղաքական ապաստան տալ:

Մահից առաջ նա գրություն է թողել, որտեղ նշել է, որ հեռանում է, քանի որ չի ցանկանում, որ իրեն հայրենիքի դավաճան կոչեն: