ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ժամանել է Չինաստանի մայրաքաղաք Պեկին: ԿԺԴՀ-ն Չինաստանի դաշնակիցն է տարածաշրջանում եւ սպասվում է, որ Քերրին կխնդրի Պեկինին օգտագործել իր ազդեցությունը, որպեսզի ստիպի Փհենյանին մեղմացնել իր հռետորությունը եւ վերադառնա երկրի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների:

Սա Քերրիի առաջին այցելությունն է Չինաստան ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում: Դրանից մեկ օր առաջ նա եղել է Հարավային Կորեայում, իսկ ապրիլի 14-ին կմեկնի Ճապոնիա: Այս այցելությունների պատճառը Կորեական թերակղզում լարվածության աճն է՝ կապված Հյուսիսային Կորեայի կողմից հնչող սպառնալիքներով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախօրեին Սեուլում Հարավային Կորեայի ԱԳ նախարար Յուն Բեն Սեի հետ համատեղ ասուլիսում Քերրին կոչ է արել ԿԺԴՀ իշխանություններին հրաժարվել հրթիռների փորձարկումներից:

«Հրթիռի արձակումը սադրանք կլինի, որը միայն կմեծացնի քաղաքական լարվածությունը Կորեական թերակղզում: Այլ խոսքով՝ նման գործողությունները մեծ սխալ կլինեն ԿԺԴՀ-ի համար»,-ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը, հաղորդում է РБК-ն: