Ճապոնիայում, այսօր՝ ապրիլի 13-ին, վերջին շաբաթում արդեն երրորդ անգամ սխալմամբ հյուսիսկորեական բալիստիկ հրթիռ են «արձակել»:
Այս անգամ սխալվել են Օսակա քաղաքի օդային տարածքի վերահսկողությունն իրականացնող կենտրոնում: Գերատեսչության աշխատակիցները, փորձելով օդանավակայաններ հարցում ուղարկել առավոտյան տեղի ունեցած երկրաշարժից հետո թռիչքուղիների վիճակի վերաբերյալ, սխալմամբ հյուսիսկորեական հրթռի արձակման ազդանշան են ուղարկել:
Կեղծ ահազանգը ոչ մի խուճապ չի առաջացրել բնակչության շրջանում, իշխանություններն արագ ուղղել են սխալը, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ ապրիլի 11-ին, Ճապոնիայի օդային շարժը վերահսկող վարչության մասնագետները սխալմամբ տեղեկություն էին տարածել ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռ արձակելու մասին:
Հողի, ենթակառուցվածքների եւ տրանսպորտի նախարարաության փոխանցմամբ՝ տեղի ժամանակով 16:59-ին, Կյուսյու կղզու Ֆուկոոկա քաղաքի օդային տարածքը հսկող կենտրոնի մասնագետները սխալմամբ հաղորդագրություն են տարածել հետեւյալ բովանդակությամբ. «Հրթիռ է արձակվել, խնդրում ենք ուշադիր լինել»: Տեղեկատվությունն ուղարկվել էր երկրում թռիչքներ վերահսկման բոլոր կենտրոններին, բայց 4 րոպե անց ստացվել էր պաշտոնական հերքումը: Նախարարությունում ընդգծել էին, որ մասնագետների այդ սխալն օդանավերի թռիչքների գրաֆիկի խախտումների չի հանգեցրել:
Դրանից առաջ՝ ապրիլի 10-ին, ճապոնական մեգապոլիս Իոկոգամայի վարչակազմը սխալմամբ Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր ԿԺԴՀ-ի կողմից հրթիռ արձակելու մասին, բայց 20 րոպե անց պաշտոնապես հերքել էր տեղեկությունը:




























