Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի մոտենալը ստիպում է մտածել ոչ միայն այն մասին, թե որքան տիտանական աշխատանք են իրականացնրել հայերը աշխարհին այդ ողբերգության մասին տեղեկացնելու առումով, այլեւ այն մասին, որ տարիներ շարունակ Թուրքիայի ղեկավարությունն իր մեջ ուժ չի գտել ճանաչելու մի ողջ ժողովրդի զանգվածաբար բնաջնջելու փաստը: Այս մասին, Analitika.at.ua-ին տված մեկնաբանությունում նշել է ուկրաինացի փորձագետ, «Պոլիտիկա» միջազգային նախագծերի վերլուծական կենտրոնի համակարգող Օլեգ Սմիրնովը:
«Հատկանշական է, որ տարեցտարի աշխարհում աճում է պետությունների ու նահանգների, մարզերի ու քաղաքների թիվը, որոնք ճանաչում ու դատապարտում են 1915-ին երիտթուրքերի կատարած հանցավոր գործողությունները:
Միաժամանակ, Թուրքիայի ներկա ղեկավարները հիվանդագին են արձագանքում Հայոց ցեղասպանության հարցում համաշխարհային հանրության կողմից քննադատությունը, փորձում են ակտիվորեն հակազդել ցեղասպանության ճանաչման գործընթացին՝ քաղաքական ու տնտեսական լծակներ կիրառելով: Մասնավորապես, փորձագետի ներկայացմամբ, ապրիլի 6-ին Ղրիմի ինքնավար հանրապետության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը փաստացի Ուկրաինայի եւ Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառության ավելացման հարցը կապել է Ղրիմի թաթարների իրավունքների վերականգնման եւ Ղրիմի խորհրդարանի կողմից 2005-ին ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը չեղյալ հայտարարելու հետ:




























