Շվեյցարիայի մի շարք սոցիալիստական կուսակցություններ, արհիմիություններ եւ տարբեր խմբեր ներառող «Մայիսի 1-ի կոմիտե»-ից PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին հրավիրել են մայիսի 1-ին կազմակերպվելիք միջոցառմանը ելույթ ունենալ որպես գլխավոր բանախոս։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Շվեյցարիայի սոցիալիստական կուսակցությունների եւ կազմակերպությունների կողմից կազմված «Մայիսի 1-ի կոմիտե»-ի կողմից Օջալանին ուղարկված հրավերը Թուրքիայի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորներից կազմված պատվիրակությունը կհասցնի Իմրալը կղզի, որտեղ ցմահ դատապարտված է Աբդուլլահ Օջալանը։

Նշվում է, որ Օջալանին այցելած քուրդ պատգամավորները նրանից վերցրած տեքստը կուղարկեն Շվեյցարիա, որտեղ այն կընթերցվի մայիսի 1-ին։

Հիշեցնենք, որ PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը բազմաթիվ սպանությունների եւ պայթյունների կազմակերպման մեղադրանքով ցմահ ազատազրկման է դատապարտվել եւ իր պատիժն է կրում Իմրալը կղզու բանտում։