Թաիլանդում ավանդական Նոր տարվա տոնակատարության չորս օրերի ընթացքում 218 մարդ զոհվել է, ավելի քան 2 հազար մարդ վիրավորվել է: Ավտովթարների մեծ մասի պատճառը եղել է վարորդների անսթափ վիճակը եւ արագության գերազանցումը, նշված է Երթեւեկության անվտանգությասն կենտրոնի հայտարարության մեջ:

Ըստ ոստիկանության տվյալների` Բանգկոկում այս օրերի ընթացքում աճել է փողոցային վեճերից բխող հանցագործությունների թիվը: Ավանդական Նոր տարվան` Սոնգկրանին, ընդունված է ջրել միմյանց` անցյալ տարվա մեղքերը մաքրելու համար: Երիտասարդության մեջ ընդունված է դա անել շատ հանկարծակի, եւ հաճախ դա արվում է այնքան կոպիտ, որ այդ հողի վրա վեճեր եւ ծեծկռտուքներ են առաջանում, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Այսպես` Բանգսում ամբողջապես թրջված չորս մոտոցիկլիստներ մարտական ատրճանակներից կրակ են բացել Նոր տարին տոնող ամբոխի ուղղությամբ: Բարձր երաժշտության պատճառով կրակոցները չեն լսվել: Այդ կրակոցների արդյունքում մեկ մարդ մահացել է, իսկ վեց հոգի, այդ թվում եւ յոթամյա մի երեխա` վիրավորվել: Կրակողները փախել են դեպքի վայրից: