Լիբիայում ձերբակալել են ծայրահեղական խմբավորման ղեկավար Սուֆյան բին-Կումային, ով կասկածվում է Բենգազիում ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակման եւ ԱՄՆ դեսպան Քրիսթոֆեր Սթիվենի սպանության մեջ:

Լիբիայի անվտանգության ծառայության տեղեկատվությամբ՝ ահաբեկչության մեջ կասկածվողին բռնելու գործողությունը տեղի է ունեցել Դարնա քաղաքի շրջանում: Այդ շրջանը հաճախ են օգտագործվում տեղի իսլամիստները որպես ապաստան, գրում է Associated Press-ը:

Հայտնի է, որ գործողության ընթացքում բին-Կուման վիրավորվել է եւ տեղափոխվել մոտակա հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Նա լավ հայտնի է ամերիկյան հատուկ ծառայություններին, մի քանի տարի առաջ բին-Կուման պատիժ է կրել Գուանտանամոյի տխրահռչակ բանտում: Քննիչները տվյալներ են ունեցել, որ նա սերտ կապեր ունի «Ալ-Կաիդայի» հետ եւ եղել է անգամ Ուսամա բեն Լադենի անձնական վարորդը, սակայն մի քանի տարի առաջ Սուֆյան բին Կումային ազատ էին արձակել:

Ազատության մեջ նա վերադարձել էր ահաբեկչական գործունեությանը, նաեւ մասնակցություն ունեցել Մուամար Քադաֆիի զորքերի, ապա նաեւ ամերիկացիների դեմ պայքարին: