Մալդիվների ֆինանսական վարչությունը դիմել է երկրի բոլոր ֆինանսական հաստատություններին` խնդրելով պատմել Արթուր Սարգսյանի եւ Արթուր Մարգարյանի ցանկացած գործարքի վերաբերյալ:

Անցած շաբաթ ուղարկված նամակում վարչությունը խնդրել է բանկերին եւ այլ ֆինանսական հաստատությունների հստակեցնել առկա տեղեկատվությունը: Ըստ վարչության, առայժմ կասկածելի գործարքներ չեն հայտնաբերվել: Այդուհանդերձ, համակողմանի հետաքննություն է իրականացվելու, հայտնում է haveeru.com.mv-ն:

Ավելի վաղ Մալդիվների ոստիկանությունը խորհուրդ էր տվել էկոնոմիկայի նախարարությանը Արթուրներին ձեռնարկատիրական գործունեության արտոնագիր չտրամադրել: Էկոնոմիկայի նախարարությունը գրավոր խնդրել էր տուրիզմի նախարարությունից հետ կանչել արտոնագիրը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, «Երկու Արթուրների» գործունեությունը շարունակում է մնալ Մալդիվյան կղզիների մամուլի ուշադրության կենտրոնում: Էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ Արթուր Սարգսյանի եւ Արթուր Մարգարյանի ընկերությունը գրանցվել էր, երբ տուրիզմի նախարարությունից  թույլտվություն էր ստացվել Մալդիվներում ներդրումներ կատարելու վերաբերյալ: Լրագրողներն իմացել են, որ հայերն արդեն ներկրել էին մեքենաներ եւ շարժիչի մասեր այն ժամանակ, երբ  ընկերության տեղի բաժնետերը փորձել էր կենդանի այծեր ներկրել: «Արթուր եղբայրներին» անվանել են «սպառնալիք Մալդիվների ազգային անվտանգության համար»: