Թուրքիայի հարավ-արեւելյան Մարդին նահանգի Դերիքի շրջանում ապրող միակ հայ ընտանիքը մտահոգված է, որ իրենց մահից հետո շրջանում գտնվող Սուրբ Գեւորգ եկեղեցին պահպանող չի լինի։
Թուրքական «Դողան» գործակալության փոխանցմամբ՝ Մարդինի Դերիքի շրջանի վերջին հայ ընտանիքը մտադիր չէ հեռանալ ծննդավայրից, սակայն մտահոգ է հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցու ճակատագրով։
Ընտանիքի ապրուստը դարբնագործությամբ վաստակող Նաիֆ Դեմիրջին նշել է, որ իրենց շրջանում կանգուն մնացած միակ հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցին կառուցվել է 1650 թվականին եւ գործել մինչեւ 1915-ը։ «Այնուհետ այն սկսել են որպես ախոռ օգտագործել մինչեւ 1957 թվականը։ Այդ իրավիճակը չեն հանդուրժել հայ համայնքի ներկայացուցիչները եւ հավաքած գումարով վերանորոգել եւ կրկին որպես եկեղեցի են օծել»,-նշել է Դեմիջին՝ շեշտելով, որ ինքն ու իր կինն ամեն կիրակի եկեղեցում աղոթք են անում։
Նաիֆ Դեմիրջին նշել է, թե ամեն տարի Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչներ ավտոբուսով գալիս են եւ եկեղեցում պատարագ իրականացնում։




























