Կիպրոսյան խոշոր՝ Bank of Cyprus եւ Laiki Bank բանկերի ներդրողները վերակազմավորման արդյունքում կկորցնեն մինչեւ 8,3 միլիարդ եվրո։ Սա է Եվրահանձնաժողովի վերջին գնահատականը։
Հաշվի առնելով բանկերի վերակազմավորման բացասական ազդեցությունը մանր հաճախորդների ու երկու կազմակերպությունների բաժնետերերի վրա՝ կորուստների համախառն ծավալը կկազմի մինչեւ 10,6 միլիարդ եվրո, գրում է Lenta.ru-ն։
Հիշեցնենք, որ բարեփոխումների շրջանակում Bank of Cyprus-ը կմիավորվի Laiki Bank-ի պոտենցիալ եկամտաբեր ակտիվների հետ, ինչից հետո 100 հազար եվրոն գերազանցող հաշիվներից դուրս կգրվի միջոցների ավելի քան մեկ երրորդը։ Խոշոր հաշիվների մի մասը կվերածվի Bank of Cyprus-ի բաժնետոմսերի, իսկ մի մասն էլ կսառեցվի։ Կիպրոսյան բոլոր բանկերում 100 հազար եվրոյից քիչ ներդրումները չեն տուժի։
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի թղթակիցը՝ վկայակոչելով տեղացի փաստաբան Խրիսիս Սոֆոկլեուսի հայտարարությունը, Bank of Cyprus-ի եւ Laiki Bank-ի հարյուրից ավելի ռուս հաճախորդներ պատրաստ են հայց ներկայացնել բանկերի վերակազմավորման մասին Կիպոսի իշխանությունների որոշման դեմ։ Հաճախորդների անունները փաստաբանը չի նշել։




























