Այսօր՝ ապրիլի 16-ին, ավարտվում է Երիտասարդական ակումբների դաշնության նախաձեռնած եւ Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացված «Քայլ առաջ» միջազգային ծրագիրը, որին մասնակցում են 9 երկրներ ներկայացնող 30 երիտասարդ առաջնորդներ: Իսպանիայից, Հունգարիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Բուլղարիայից, Վրաստանից, Ուկրաինայից եւ Ռումինիայից ժամանած երիտասարդները ծրագրի 7 օրերի ընթացքում կարողացել են ոչ միայն ներկայացնել իրենց երկրներում վարվող պետական երիտասարդական քաղաքականությունը, այլեւ համատեղ նոր ծրագրեր մշակել: Սեմինարը նպատակն էր հետապնդում խթանել ցանցային երիտասարդական աշխատանքը եւ երկարատեւ համագործակցության հիմքեր ստեղծել ծրագրի մասնակից երկրների գործընկեր երիտասարդական կազմակերպությունների միջեւ:

«Ծրագրի մասնակիցներն այժմ Ծաղկաձորում աշխատում են իրենց նոր գաղափարների եւ նախաձեռնությունների իրականացման պլանավորման ուղղությամբ, իսկ հրավիրված փորձագետները անհրաժեշտ հմտություններ են հաղորդում»,- տեղեկացրել է ծրագրի համակարգող Մարիամ Սահակյանը:

Հյուրերը հնարավորություն են ունեցել նաեւ ծանոթանալու հայոց մշակույթին, այցելել Էջմիածին, համտեսել ու շատ հավանել հայկական խոհանոցը: «Քայլ առաջ» ծրագիրը Հայաստանին եւս մեկ քայլով մոտեցրեց Եվրոպային»,- իր ամփոփիչ խոսքում նշել է Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը:

Երիտասարդական ակումբների դաշնությունը (Federation of Youth Clubs of Armenia – FYCA) միավորում է ավելի քան 9 տասնյակ երիտասարդական ակումբներ, կենտրոններ ու կազմակերպություններ բոլոր մարզերից, Արցախից ու Ջավախքից` դառնալով Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը: Այն նաեւ ակտիվորեն ներգրավված է միջազգային երիտասարդական շարժման մեջ՝ անդամակցելով մի քանի եվրոպական երիտասարդական կազմակերպությունների: Վերջին հինգ տարվա ընթացքում իրականացրած ծրագրերի եւ դրանց մասնակցած երիտասարդների թվով FYCA-ն առաջինն է Հայաստանում եւ առաջատար դիրքեր է զբաղեցնում Արեւելյան Եվրոպայի ու Կովկասի երկրների շարքում: