«Sistem of a down» ռոք խմբի նախկին մեներգիչ, հայազգի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը պատասխանել է հայ բնապահպանների նամակին: Հիշեցնենք, որ բնապահպանությամբ զբաղվող հայ երիտասարդ ակտիվիստները նամակով դիմել էին Սերժ Թանկյանին, խնդրելով՝ մի երգ նվիրել, կամ որևէ խոսք ասել Հայաստանում բնապահպանության վերաբերյալ:

Հիմա ստացվել է այդ նամակի պատասխանը, որը ստորագրել է Ջորջ Թոնիկյանը: Նամակում մասնավորապես ասվում է. «Վերջերս դուք կապվել էիք Սերժի հետ, որպեսզի նա ծանոթանա Թեղուտի անտառի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և դիրքորոշում հայտնի: Նա այդպես էլ արել է, և կարող եք գտնել նրա դիրքորոշումը ստորեւ: Ես կտեսնեմ, թե արդյո՞ք ունենք այնպիսի մի երգ, որը կարող ենք թույլ տալ, որ ձեր շարժումն օգտագործի ոչ առևտրային նպատակներով: Այս առումով ավելի ուշ կկապվեմ ձեզ հետ, իսկ ահա եւ Սերժի դիրքորոշումը ստորև:

»Վայրի բնության և շրջակա միջավայրի ավերումն այլևս չեն կարող արդարացվել առաջընթացի կամ բնական պաշարների օգտագործման անունով: Քաղաքակրթությունը քայլում է մի բարակ պարանով` սեփական գոյատևման և ամեն ինչի ավերման միջեւ: Հիմնվելով մեր պատմական անցյալի և ներկա աշխարհաքաղաքական իրողության վրա` սննդի, ջրի և էներգետիկայի հարցում վստահությունը սեփական ուժերին չափազանց կարևոր է: Վայրի բնության ավերումը և դրա արդյունքում ավելացող կարբոնային արտանետումները մթնոլորտ՝ պայմաններ են ստեղծել գլոբալ տաքացման համար, ինչը խիստ սահմանափակում է մեր ինքնավստահությունը: Հանքարդյունաբերությունը դեմ է մեր համատեղ շահերին` որպես ժողովուրդ և պետություն":