Երեւանի քաղաքապետարանը չի ցանկանում մեկնաբանել մամուլում տեղ գտած տեղեկությունները, ըստ որի՝ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը փորձել է քաղաքապետարանին հարող Անգլիական այգուց հեռացնել ամեն գիշեր այնտեղ հավաքվող համասեռամոլներին:

«Այդ խնդիրը որեւէ առնչություն չունի Երեւանի քաղաքապետարանի գործառույթների հետ, ուստի այդ կապակցությամբ պարզաբանում տալը նպատակահարմար չենք գտնում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության գլխավոր մասնագետ Արթուր Սարուխանյանը:

Հիշեցնենք, որ հայկական մամուլում արդեն մի քանի օր է տեղեկություններ են տարածվում, ըստ որի՝ դեռեւս մի քանի ամիս առաջ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը փորձել է քաղաքապետարանին հարող Անգլիական այգուց քշել ամեն գիշեր այնտեղ հավաքվող համասեռամոլներին: Հենց այդ այգում են համասեռամոլները դուրս գալիս «որսի», «կպցնում» իրենց հաճախորդներին եւ փաստացի իրենց գործւնեությունը ծավալում քաղաքապետարանի քթի տակ:

Ըստ այդ տեղեկությունների, Գ. Բեգլարյանը տեսնելով, որ օրինական ճանապարհով այդ խնդիրը չի կարողանում լուծել, անցել է իրեն հայտնի մեթոդներին` այնտեղ ուղարկելով իր մարդկանց, որպեսզի նրանք ծեծելով «մաքրեն» այգին համասեռամոլներից: Ըստ մամուլի հրապարակումների, դրանից բառացիորեն մեկ օր անց, կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը խիստ կերպով նախազգուշացրել է Գագիկ Բեգլարյանին` «գիշերային թիթեռնիկներին» չկպչել: