Նյու Յորքի իշխանությունները բացահայտել են միջազգային կազմակերպված հանցագործ խմբավորման գործունեությունը, որը զբաղվում էր փողերի  լվացմամբ` անօրինական խաղային բիզնես կազմակերպելու ճանապարհով: Մի շարք ձերբակալություններ տեղի են ունեցել Մայամիում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում եւ ԱՄՆ այլ քաղաքներում: Ընդհանուր առմամբ, մեղադրանք է առաջադրվել հանցավոր խմբավորման 30 անդամների:

Քննիչները դեռ չեն բացահայտել բոլորի անունները: Հայտնի է, որ նրանցից մեկը եղել է ռուս գործարար Ալիմջան Տոխտախունովը, ով հայտնի է «Տայվանչիկ» մականունով, հայտնում է  Life News-ը:

Հետաքննության տվյալներով` Տոխտախունովի խաղային անօրինական հաստատությունների ցանցի հաճախորդներ են եղել Հոլիվուդյան դերասաններ, սպորտսմեններ, Ուոլ Սթրիթից առեւտրականներ, հայտնի միլիոնատերեր եւ միլիարդատերեր: Տոխտախունովը նաեւ ուներ միջազգային խաղային բիզնես, որը ծառայում էր Ռուսաստանի եւ նախկին ԽՍՀՄ կազմի այլ երկրների օլիգարխների համար, ասվել է մեղադրական ամփոփման մեջ:

Հանցագործ սխեմայով ստացված փողերը լվացվել են կեղծ ընկերությունների եւ Կիպրոսի հաշվեհամարների օգնությամբ: Այդ սխեմայով «Տայվանչիկին» հաջողվել է միայն 2011 թվականի երկու ամիսների ըբնթացքում ստանալ 20 միլիոն դոլար անօրինական եկամուտ:

ԱՄՆ-ում ավելի վաղ Տոխտախունովն արդեն մեղադրվել է 2002 թվականին Սոլթ Լեյք Սիթիում Օլիմպիադայի ժամանակ գեղասահքի արդյունքները կեղծելու համար: