Հայաստանը, արտագաղթի մեծ տեմպերի պատճառով վերածվել է ուղեղների եւ աշխատող ձեռքերի արտահանողի: Այդ մասին հայտարարել է պատգամավոր, «Բարգավաճ Հայաստանի» համամասնական ընտրացուցակում երկրորդ տեղը զբաղեցնող Գուրգեն Արսենյանը` ապրիլի 18-ին մանր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Նա հիշեցրել է, որ 10 տարուց ավելի Ազգային ժողովի պատգամավոր է, եւ այդ ընթացքում համոզվել է, որ իշխանությունները գործում են «երկիրը բյուջեի համար» փիլիսոփայությամբ: Նրա խոսքով, իրավիճակը, երբ մարդիկ ավելի շատ հարկ են վճարում, որ բյուջե լցնեն, սխալ է: «Բյուջեն է երկրի համար, այլ ոչ հակառակը»,- ընդգծել է Արսենյանը` հավելելով, որ չի պատրաստվում լինել բյուջեի կցորդ:

Որպես սխալ վարչարարության դրսեւորում նա ընդգծել է ԱԱՀ հավաքագրումների մեթոդիկան, արտադրանքի իրացումից առաջ, այլ ոչ հետո: Նրա խոսքով, դա հանգեցրեց ձեռնարկատերերի ձեռքից զգալի ռեսուրսների «առգրավման», եւ նրանք ստիպված էին դիմել բանկերին: Խոսելով արտագաղթի մասին` Արսենյանը նշել է, թե շուտափույթ պետք է փոխել իրավիճակը, կամ էլ մտածել հեռանալու մասին: