1918 թվականի փետրվարի 23-ին Վլադիմիր Իլյիչ Լենինի հրամանով ստեղծվեց Կարմիր բանակը։ Խորհրդային Միության ողջ տարածքում տասնյակ տարիներ նախ փետրվարի 23-ը տոնվում էր կարմիր բանակի հիմնադրման օր, այնուհետեւ խորհրդային բանակի եւ ռազմածովային նավատորմի օր։ Խորհրդային Միության անկումից հետո տոնը ոչ պաշտոնապես նշվում է մի շարք ԱՊՀ երկրներում։ Ռուսաստանում վերջերս այն վերանվանվեց Հայրենիքի պաշտպանի օր եւ պաշտոնապես նշվում է։

Հայաստանի հաղթանակի զբոսայգում Անհայտ զինվորի գերեզմանին այսօր ծաղկեպսակներ դրվեցին։ Արարողությանը ներկա էր նաեւ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն։ Հայաստանի կոմունիստներն իրենց հերթին ծաղկեպսակներ են դրել Խորհրդային Հայաստանի կառավարության նախագահ և ռազմական գործերի ժողկոմ Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանին։