Նիժնի Նովգորոդում ավարտվել է սպանության մեջ մեղադրվող Հայաստանի 32-ամյա քաղաքացու դեմ հարուցված քրեական գործի հետաքննությունը:
Հետաքննության տվյալներով 2013թ.-ի փետրվարի 13-ի երեկոյան հայ տղամարդը, գտնվելով Ավտոզավոդսկի թաղամասի Իլիչի փողոցի իր վարձակալած բնակարանում, 32-ամյա ընկերուհու հետ վիճելու ժամանակ անկողնու վրա է գցել նրան եւ խեղդել: Հանցագործության շարժառիթ է հանդիսացել մահացածի հանդեպ անհիմն խանդը: Հայաստանի քաղաքացին գործազուրկ է եղել եւ խանութում աշխատող իր ընկերուհու միջոցներով է ապրել:
Խանդի պատճառով վեճերը շարունակական բնույթ են կրել եւ հաճախ բռնությամբ ավարտվել: Մեղադրյալը կալանավորվել է, բայց իրեն մեղավոր չի ճանաչել:
Ինչպես հայտնում են ՌԴ Քննչական կոմիտեի Նիժնի Նովգորոդի մարզային քննչական վարչությունից, ներկա պահին քրեական գործը մեղադրական եզրակացության հաստատումից հետո ուղարկվել է դատարան:




























