Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը պետք է վերջապես ընդունվի: Այս մասին ասյօր՝ ապրիլի 24-ին, հայտարարել է Փարիզի քաղաքապետ Բերտրան Դըլանոեն՝ քաղաքապետարանի հանդիսությունների սրահում կայացած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ավանդական միջոցառման ժամանակ:

Բերտրան Դըլանոեն հանդես է եկել բացման խոսքով՝ նշելով, որ ժխտողականության դեմ պայքարը հաջողությամբ պետք է պսակվի եւ Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը պետք է վերջապես ընդունվի: Փարիզի քաղաքապետը ընդգծել է հայկական արմատներ ունեցող փարիզցիների անգնահատելի դերը քաղաքի պատմության ընթացքում, մասնավորապես՝ Փարիզի ազատագրման համար պայքար մղած Միսաք Մանուշյանի խմբի ներդրումը՝ որպես հայ-ֆրանսիական եղբայրության պատմական կարեւոր դրսեւորումներից մեկը:

Քաղաքապետի ելույթին հաջորդել են Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգման խորհրդի համանախագահներ Ֆրանկ Փափազյանի եւ Արա Թորանյանի ելույթները: Վերջիններս վերստին բարձրաձայնել են Մեծ Եղեռնից մազապուրծ եղած հայերի սերունդների` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունելու պահանջն ուղղված Ֆրանսիայի բարձրագույն իշխանություններին: Խորհրդի կողմից արիության մեդալ շնորհվեց միջոցառմանը ներկա թուրք մտավորական Էրոլ Օզկորային` Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարի համար:

Եզրափակիչ խոսքով հանդես է եկել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը: Շնորհակալություն հայտնելով Փարիզի քաղաքապետին Հայկական հարցի նկատմամբ իր հանձնառության եւ այս ամենամյա նախաձեռնության համար՝ Հայաստանի դեսպանը նշել է, որ 98 տարի անց Հայոց Ցեղասպանության վերքերը թարմ են եւ նույնիսկ էլ ավելի են խորանում` Թուրքիայի կողմից մինչ օրս շարունակվող կույր ժխտողականության պատճառով:

«Առանց անցյալը հիշելու, անհնար է կառուցել ապագան, քանի որ ապագան խախուտ է, երբ հիմնված է անցյալը ժխտելու, այլ ոչ թե գիտակցելու ու դասեր քաղելու վրա»,-նշել է դեսպան Չիտեչյանը եւ հավելեց, որ հարատեւ խաղաղ համակեցության համար նախեւառաջ անհրաժեշտ է, որպեսզի Թուրքիան ունենա բավարար կամք առերեսվելու պատմական իրողությանը՝ հետեւելով թուրք առաջադեմ մտավորականների խորհրդին:

Հիշատակի միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, սենատորներ, բազմաթիվ քաղաքական եւ մշակութային գործիչներ, հայտնի անհատներ, հարյուրավոր ֆրանսիացիներ եւ ֆրանսահայեր: