Այսօր՝ ապրիլի 24-ին Հալեպի Սբ. Աստվածածին եկեղեցում մատուցվել է սուրբ պատարագ եւ հոգեհանգստի արարողություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին։

Կեսօրին Հայ Կաթողիկե առաջնորդարանի Աղաջանյան սրահում Սիրիայի հայ առաքելական, կաթողիկե եւ ավետարանական համայնքապետերի ներկայությամբ ու հայկական մշակութային միությունների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում։

Միջոցառման ավարտին եզրափակիչ խոսքով հանդես է եկել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Գրիգորյանը։ Վերջինս խոսել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ցեղասպանությունների կանխարգելման, դատապարտման եւ դրանց հետեւանքների վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից գործադրվող ջանքերի մասին։