Գյումրի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդին` Վահե Ղուկասյանը, ով Գյումրիում ապրիլի 23-ին կրակել էր Հարություն Խաչատրյանի («Քավոր Հարութ») եւ Արտյոմ Կարապետյանի («Շեկո») վրա եւ ձերբակալվել, ժամեր առաջ ոստիկանների ուղեկցությամբ եղել է Գյումրիի «Ճերմակ» հիվանդանոցում: Հիցվանդանոցի տնօրեն Գեւորգ Խումարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ վերջինս բերվել է ոստիկանության կողմից  եւ նրանք էլ տարել են: Տնօրենի խոսքով` Վահե Ղուկասյանի մոտ ախտորոշվել է հրազենային միջանցիկ վնասվածք, հեմատոմա, ինտոքսիկացիա, ստացել է առաջին բուժօգնություն: 

Նրա առողջական վիճակը կայուն է, հիվանդանոցում անց է կացրել 1-1,5 ժամ:

Նշենք, որ Գյումրի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդին` Վահե Ղուկասյանը, ով Գյումրիում ապրիլի 23-ին կրակել էր Հարություն Խաչատրյանի («Քավոր Հարութ») եւ Արտյոմ Կարապետյանի («Շեկո») վրա, ձերբակալվել է: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նա բերման է ենթարկվել Գյումրիի ոստիկանության բաժին: Այս գործով ձերբակալվել է նաեւ Վարդան Ղուկասյանի մյուս եղբորորդին՝ Կոլյա Ղուկասյանը: Իսկ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ հայտարարել է, որ գործը բացահայտված է:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը («Քավոր Հարութ») եւ Արտյոմ Կարապետյանը («Շեկո»): Վերջինս հիվանդանոցում մահացել է:

Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) եւ 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումներ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել են փորձաքննություններ:

Գործի շրջանակներում ձերբակալվել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդի Կոլյա Ղուկասյանը, իսկ արդեն այսօր բերման է ենթարկվել, ապա ձերբակալվել նրա մյուս եղբորորդին՝ Վահե Ղուկասյանը: Երեկ խուզարկություններ են կատարվել նախկին քաղաքապետի հարազատների բնակարաններում: Բերման  ենթարկվել շուրջ 20 մարդ:

Նշենք, որ «Քավոր Հարութը» եւ «Շեկոն» նախկինում խնդիրներ են ունեցել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատների հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մասնավորապես, գյումրեցիների շրջանում տարածված խոսակցությունների համաձայն` փետրվարի 10-ին Վարդան Ղուկասյանի եղբորորդի Նիկոլայ Ղուկասյանին գլխին երկաթե ձողով հարվածել է հենց «Քավոր Հարութի» որդին: Իսկ «Քավոր Հարութի» ընտանիքը մոտ հարաբերությունների մեջ է ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ: Ասում են, որ «Քավոր Հարութը» շատ հայտնի է Գյումրիում:

Վարդան Ղուկասյանը NEWS.am-ին հայտնել էր, որ «դա փողոցային խոսակցություն է»: