NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի ոստիկանության պետ Վովա Գասպարյանն այցելել է Շիրակի մարզ եւ այս պահին գտնվում է Ոստիկանության Գյումրիի բաժանմունքում: Ըստ մեր աղբյուրի, այցը պայմանավորված է Գյումրիի աղմկոտ սպանության հետ: Իր հետ այնտեղ են գտնվում նաեւ այլ բարձրաստիճան ոստիկաններ:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը («Քավոր Հարութ») եւ Արտյոմ Կարապետյանը («Շեկո»): Վերջինս հիվանդանոցում մահացել է:Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) եւ 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Գործով ձերբակալվել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդին` Վահե Ղուկասյանը, ով կրակել էր Հարություն Խաչատրյանի («Քավոր Հարութ») եւ Արտյոմ Կարապետյանի («Շեկո») վրա, իսկ նախկին քաղաքապետի մյուս եղբորորդին` Նիկոլայ Ղուկասյանը Բագրատաշեն սահմանակետից բերման էր ենթարկվել, ապա` ազատ արձակվել: Քիչ առաջ ձերբակալվել է նաեւ «Քավոր Հարութի» որդին՝ Գեւորգ Խաչատրյանը:

Նշենք, որ «Քավոր Հարութը» եւ «Շեկոն» նախկինում խնդիրներ են ունեցել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատների հետ: